close
Jump to content

Thales

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thales
պատկերանիշ
Տեսակկազմակերպություն և բազմազգ ընկերություն
Երկիր Ֆրանսիա[1]
ԿարգախոսConstruisons ensemble un avenir de confiance[2] և Building a future we can all trust[3]
ՆախորդողThomson-CSF? և Racal?
Հիմնադրվածդեկտեմբերի 6, 2000
Գլխադասային գրասենյակՄեդոն, Ֆրանսիա[4]
Գլխավոր քարտուղարAlain Gomez?[5], Marcel Roulet?[6], Denis Ranque?[7], Luc Vigneron?, Jean-Bernard Lévy?[8], Philippe Logak?[9] և Patrice Caine?[9]
Վերադաս կազմակերպությունAPE?
Անձնակազմ83 020 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[10]
Կայքthalesgroup.com(անգլ.)

Thales Group կամ Thales S.A. ([talɛs], «Թալես»), միջազգային արդյունաբերական խումբ, որն արտադրում է տեղեկատվական համակարգեր ավիատիեզերական, ռազմական և ծովային կիրառությունների համար: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կուրբևուայում (Փարիզ)։ Ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 50 երկրներում և աշխատանքի է վերցնում մոտ 81,000 մարդու: Thales ընկերությունը 2022 թվականի Forbes Global 2000-ի աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների ցանկում զբաղեցրել է 526-րդ տեղը[11]։ Ռազմական վաճառքի առումով (որը կազմում է եկամտի 53%-ը) ընկերությունը 2021 թվականին աշխարհում զբաղեցրել է 16-րդ տեղը[12]։

Ընկերության ամենահին նախորդը հիմնադրվել է 1893 թվականին Compagnie Française Thomson-Houston անվանումով (ամերիկյան Thomson-Houston էլեկտրատեխնիկական կորպորացիայի ֆրանսիական մասնաճյուղը, որը հետագայում ձևավորել է General Electric-ը)։ 1903 թվականին ընկերությունը գնվել է ֆրանսիացի ներդրողների կողմից, սակայն պահպանել է անվանումը և սերտ հարաբերություններ պահպանել General Electric-ի հետ մինչև 1950-ական թվականները։ Սկզբնապես ընկերությունը զբաղվում էր էլեկտրատրանսպորտի զարգացմամբ, ավելի ուշ ընդլայնել է գործունեության ոլորտը դեպի կենցաղային տեխնիկա և ռադիոսարքավորումներ։ 1918 թվականին ստեղծվել է Compagnie Générale de Télégraphie Sans Fil-ը (CSF, «Անլար հեռագրի ընկերություն»)՝ երկրորդ հիմնական նախորդը։ 1966 թվականին Thomson-ը ձեռք է բերել Hotchkiss-Brandt ընկերությունը, որը կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև ռազմական և ավտոմոբիլային էլեկտրոնիկայի արտադրող էր։ 1968 թվականին ձևավորվել է Thomson-CSF-ը՝ CSF-ի և Thomson-Brandt ընկերության էլեկտրոնային բիզնեսի միաձուլմամբ։ 1982 թվականին Thomson-ը, ներառյալ նրա դուստր կառույց Thomson-CSF-ը, ազգայնացվել է։ Հաջորդ տարի հեռահաղորդակցության սարքավորումների ստորաբաժանումը վաճառվել է Compagnie Générale d’Electricité-ին (ժամանակակից Alcatel-Lucent): 1987 թվականին կիսահաղորդիչների արտադրության ոլորտում ստեղծվել է SGS-Thomson համատեղ ձեռնարկությունը (իտալական SGS-ի հետ). 10 տարի անց այս ձեռնարկությունը դարձել է ինքնուրույն և փոխել անվանումը STMicroelectronics-ի։ 1989 թվականին Philips-ից գնվել է պաշտպանական էլեկտրոնիկայի Signaal ստորաբաժանումը։ 1998 թվականին Thomson-CSF ընկերությունը մասնավորեցվել է, նրա հիմնական բաժնետերերը դարձել են Alcatel-ը և Groupe Industriel Marcel Dassault-ը. Thomson-ի մյուս ակտիվներից ստեղծվել է Thomson Multimedia ընկերությունը (որը հետագայում դարձել է Vantiva): 1999 թվականին միանգամից գնվել են մի քանի ընկերություններ՝ ADI (Ավստրալիա), ADS (ՀԱՀ), Sextant-in-Flight Systems (ԱՄՆ) և Avimo (օպտիկայի արտադրող՝ Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գտնվող ձեռնարկություններով[13]։

Ընկերությունը 2000 թվականի դեկտեմբերին իր անվանումը Thomson-CSF-ից փոխել է Thales-ի՝ 1.3 միլիարդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելուց հետո, որը մասնագիտացած էր ռազմական էլեկտրոնիկայի ոլորտում: Ընկերությունն անվանակոչվել է հին հույն փիլիսոփա Թալես Միլեթացու անունով: 2001 թվականին ստեղծվել է ThalesRaytheonSystems համատեղ ձեռնարկությունը՝ պաշտպանական էլեկտրոնիկա արտադրելու համար, համագործակցելով ամերիկյան Raytheon ընկերության հետ[13]։

2006 թվականին արբանյակային նավագնացության արտադրանքի ստորաբաժանումն առանձնացվել է Magellan Navigation ընկերության մեջ և 170 միլիոն դոլարով վաճառվել ներդրողների խմբին։

2007 թվականին ձեռք է բերվել 25 տոկոս բաժնեմաս DCNS նավաշինական ընկերությունում (որը հետագայում դարձել է Naval Group). 2011 թվականին բաժնեմասն ավելացվել է մինչև 35 տոկոս։ Նույն՝ 2007 թվականին գնվել է արբանյակների ֆրանս-իտալական արտադրող Alcatel Alenia Space-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչի կապակցությամբ դրա անվանումը փոխվեց Thales Alenia Space-ի։ 2009 թվականին Dassault Aviation-ը ձեռք բերեց Alcatel-Lucent-ի և GIMD-ի բաժնետոմսերի փաթեթները՝ դառնալով Thales-ի խոշորագույն բաժնետերը։ 2017 թվականին գնվեց Gemalto ընկերությունը։

2021 թվականին ճապոնական Hitachi խմբին է վաճառվել տրանսպորտային էլեկտրոնիկայի ստորաբաժանումը (այն արտադրում էր ազդանշանային և վերահսկիչ սարքավորումներ երկաթուղային և այլ ցամաքային տրանսպորտի համար)[14]։

2024 թվականի հոկտեմբերին Boeing-ից ավարտվել է ռազմական հսկողության սարքեր մշակող Digital Receiver Technology (DRT) ընկերության ձեռքբերումը: DRT արտադրանքն օգտագործվում էր ԱՄՆ հետախուզական գործակալությունների, ԱՄՆ պաշտպանության նախարարության և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից՝ հետախուզական տվյալներ հավաքելու և սպառնալիքների մասին նախազգուշացումներ տրամադրելու համար[15]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանմունքները 2021 թվականի դրությամբ[14]

  • Աերոտիեզերական արտադրանք․ ավիոնիկայի և ավիացիայի համար այլ արտադրանքի, օդաչուների պատրաստման վարժասարքերի, ինչպես նաև հեռահաղորդակցության և այլ արբանյակների արտադրություն. հասույթի 28 %-ը։
  • Պաշտպանություն և անվտանգություն․ ռադարների և սոնարների, ռազմական կապի համակարգերի սարքավորումների արտադրություն, լուծումներ կիբերանվտանգության և օդային տրանսպորտի կառավարման ոլորտներում. հասույթի 53 %-ը։
  • Թվային նույնականացում և անվտանգություն․ նույնականացման համակարգեր բանկերի ու վճարային համակարգերի համար, ամպային տեխնոլոգիաներ, բիոմետրիկ նույնականացման համակարգեր, տվյալների պահպանում և մշակում. հասույթի 19 %-ը։

Եվրոպային 2021 թվականին բաժին է ընկել հասույթի 57 %-ը (այդ թվում՝ Ֆրանսիային՝ 28 %, Մեծ Բրիտանիային՝ 6 %), ԱՄՆ-ին և Կանադային՝ 12 %, Ավստրալիային և Նոր Զելանդիային՝ 6 %, Ասիային՝ 13 %, Մերձավոր Արևելքին՝ 7 %[14]։

Հիմնական արտադրական կարողությունները գտնվում են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, Կանադայում և Սինգապուրում[14]։

Արտադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Thales ընկերությունը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում բորտային ռադիոլոկացիոն կայանների (ՌԼԿ) և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերի արտադրությամբ։ Այն արտադրում է ռազմական ավիացիայի համար բորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների (ԲՌԷՍ) բաղադրիչների զգալի մասը։ Elettronica ֆիրմայի միջոցով (որտեղ Thales-ն ունի 33 % բաժնեմաս) էլեկտրոնիկա է մատակարարվում Eurofighter կործանիչի և NH90 ուղղաթիռի համար։ Thales ընկերության կողմից արտադրվող ՌԷՊ համակարգերը ներառում են խանգարումների կայաններ և ռադիոտեխնիկական հետախուզության (ՌՏՀ) սարքավորումներ, ինչպես նաև ինտեգրված ինքնապաշտպանության համալիրներ ինքնաթիռների և ուղղաթիռների համար։

Ֆիրման արտադրում է թիրախների լազերային լուսավորման ապարատուրայով կոնտեյներներ (վաճառքի ծավալներով երկրորդ տեղը Lockheed Martin-ից հետո), դիտարկման-նշանառության համակարգեր ինքնաթիռների, նավերի ու տանկերի համար, հետախուզական ցերեկային և գիշերային հեռուստատեսային խցիկներ (այդ թվում՝ կոնտեյներային տարբերակներով), օպտիկա-էլեկտրոնային հակազդման համալիրներ։ Այս արտադրանքի 100 %-ն արտադրվում է Thales-ի կազմի մեջ մտնող Pilkington Optronics-ի կողմից։

Սեփականատերեր և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բաժնետերեր (2024 թվականի հոկտեմբերի դրությամբ[16])․

Պատրիս Քեյն, (ծնվ. 1970 թվականի հունվարի 7-ին)՝ տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն 2014 թվականի դեկտեմբերից։ Ընկերությունում է 2002 թվականից, մինչ այդ աշխատել է Էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարարության տարբեր գերատեսչություններում։ «Արժանիքների համար» (2014 թվական) և Պատվո լեգեոնի (2017 թվական) շքանշանների ասպետ է։

Ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դուստր ընկերությունները և համատեղ ձեռնարկությունները 2021 թվականի դրությամբ[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.lobbyfacts.eu/datacard/thales?rid=91711831031-23
  2. https://www.thalesgroup.com/fr
  3. https://www.thalesgroup.com/en
  4. Dépôt du 08/09/2023 — 2023.
  5. Dépôt du 07/03/1996 — 1996.
  6. Dépôt du 23/01/1998 — 1998.
  7. Dépôt du 16/06/2009 — 2009.
  8. Dépôt du 02/12/2014 — 2014.
  9. 1 2 Dépôt du 16/01/2015 — 2015.
  10. Document d'Enregistrement Universel 2024 — 2025. — P. 148.
  11. «Thales» (անգլերեն). Forbes. Արխիվացված օրիգինալից 2015-06-27-ին. Վերցված է 2023-01-01-ին.
  12. «Top 100 - Defense News, News about defense programs, business, and technology». defensenews.com. Արխիվացված օրիգինալից 2015-06-23-ին. Վերցված է 2022-02-19-ին.
  13. 1 2 «Thales S.A. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on Thales S.A.» (անգլերեն). Advameg, Inc. Արխիվացված օրիգինալից 2023-01-02-ին. Վերցված է 2023-01-02-ին.
  14. 1 2 3 4 5 «Universal Registration Document 2021» (PDF) (անգլերեն). Thales SA. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-01-01-ին. Վերցված է 2022-11-28-ին.
  15. Кирилл Сарханянц (2024-10-20). «Boeing продал французской Thales подрядчика разведки США». Коммерсантъ (ռուսերեն). Վերցված է 2024-10-22-ին.
  16. «Share and shareholding». Thales SA (անգլերեն). 2024-10-08. Արխիվացված օրիգինալից 2024-08-14-ին. Վերցված է 2024-10-22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Thales» հոդվածին։